Ավետարանական մի դրվագում, երբ մանուկներին Քրիստոսին մոտենալու արգելք է լինում, Քրիստոս ասում է, որ չարգելեն մանուկներին իրեն մոտենալ: Մանուկների Տիրոջը մոտենալու խորհրդաբանության տրամաբանությունը այն է, որ մանուկների օրինակի մեջ Քրիստոսին մոտենալու մշտական ձգտման մեջ է մարդու էությունը: Եվ ինչպես որ երեխաներին արգելք է լինում Տիրոջը մոտենալ, նույնպես և յուրաքանչյուրի կյանքում տարատեսակ արգելքներ և գայթակղություններ են լինում Աստծուն, եկեղեցուն, հոգևորին մոտենալու ճանապարհին. գործ, զբաղվածություն, պայմանավորվածություն, ճաշ, քուն, հանգիստ և այլն և այլն: Անշուշտ, բնական վիճակ է մարդու համար վերոնշյալները, սակայն որքան մարդիկ կան, որոնց գործը ոչ թե կառուցում, այլ ավիրում է, զբաղվածությունը ուղղված է միայն հաճույքին, պայմանավորվածությունները` ոչ արդար գործի համար, ճաշը` քծնանքի դրսևորում այլոց հյուրասիրության քողի տակ, քունը` մղձավանջ, հանգիստը` տանջանք…:
Քրիստոսին մոտենալը, միջոց է շնորհված կյանքը, կարողությունը…ճիշտ կերպով տնօրինելու համար: Եվ վերջ ի վերջո կյանքի հաճախ նույնանման փորձության մեջ ընկած մարդիկ հաճախ է, որ տարբևեռ եզրահանգումներ են կատարում. օր անձ կա, որ դժվարության հետ բախվելով դառնում է գազան, մյուսը` փորձառու և իմաստուն: Այսու եկեղեցին, որպես Քրիստոսի նյութեղեն կերպարանք, մշտապես բաց է արել իր դռները յուրաքանչյուր հայորդու առջև իր ծառայությունը խարսխելով այն իրականության վրա, որ ոչինչ կարողանա արգելել մեզ` Քրիստոսին` եկեղեցուն մոտենալ. ոչ նյութ, ոչ հաճույք, ոչ զվարճանք և ոչ էլ այլ բան: Այս պատկերացումներով «Արարատ» հոգևոր միությունը, որպես Առաքելական մեր Սուրբ եկեղեցու մի համայնք, նախաձեռնությամբ իր հովվի` Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի կազմակերպեց իր գրասենյակի մանուկ հարևանների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուղեկցությամբ միության գրասենյակի աշխատակիցների: Երեխաներ, որոնց Սուրբ Սարգիս եկեղեցու բակում խաղը, զրույցը, եկեղեցու կողքով անց ու դարձը կարող էր շատ ավեի կարևոր թվալ, քան եկեղեցում աղոթք կատարելը և եկեղեցին իրեն տունը նկատելը` հակառակ որի Սուրբ Սարգիս եկեղեցու մանուկ հարևանների կյանքում մեծ տեղ ունի եկեղեցին, գիտեն հոգևորականին ողջունելու կերպեր և յուրաքանչյուր առիթով որևէ բան չի արգելում մանուկ քրիստոնյաներին իրենց մասնակցությունն ու ներկայությունը բերել եկեղեցու կյանքին: Այցելություն Մայր Տաճար, Գանձատուն և հոգևոր արժեքների հետ հաղորդակցությունը էլ ավելի կամրապնդի Սուրբ Սարգիս եկեղեցու մանուկ հարևանների դրևորումների մեջ սեր և հարգանքը դեպի Սուրբ Սարգիս եկեղեցին` ի դեմս որի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Նրանք այսօրվա եկեղեցու մանուկ համայնքն են, «Արարատ» հոգևոր միություն ապագա անդամները և մեր երկրի ապագա քաղաքացին:
«Արարատ» հոգևոր միություն Մամլո դիվան
|