Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության նախաձեռնությամբ` Երուսաղեմ կատարած ուխտագնացության ընթացքում նկարահանվել է «Նորից այնտեղ` մեր տուն»ֆիլմը:
Ֆիլմում ներկայացված են Երուսաղեմի հայոց ժառանգությունը, ուխտայցը Տերունական սրբավայրեր, նաև նկարագրվում է ուխտավորների անցած ճանապարհը` այննույն ճանապարհը, որով անցել է Հիսուս Փրկիչը:
«Ֆիլմը նվիրված է Թեհրան-Երևան ինքնաթիռի վթարից զոհված Ռամոն Թառոյանի և մյուս զոհվածների հիշատակին»,- ասաց «Արարատ» միության հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը` տեղեկացնելով, որ ֆիլմին զուգահեռ նկարահանվել են նաև Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ)«Արարատ» երգչախմբի «Սուրբ Սուրբ», «Ով Զարմանալի», «Ով է որպես»հոգևոր երգերի տեսահոլովակները:
Գրականագետ Վարդան Դեւրիկյանն էլ նշեց, որ ժամանակակից տեխնիկայի միջոցով հանդիսատեսին հնարավորություն է տրվում հոգեւոր կյանքին հաղորդակից դառնալու: «Հույս ունեմ, որ սրբավայրերի մասին պատմող ֆիլմերը շարունակական կլինեն»,- ասաց նա:
Նշենք, որ ֆիլմի հեղինակն է Աննա Թամրազյանը, ռեժիսորը` Էրիկ Սարգսյանը, իսկ օպերատորը` Գուրգեն Ջանիբեկյանը:
|