Յոթ տարեկան էր Իգոր Կարամանյանը, երբ հայտնվեց մանկատանը:
Ընտանիքով ապրում էին Կիեւում, այնուհետեւ իրեն տեղափոխեցին Հայաստան եւ հանձնեցին մանկատուն։
Այդ օրվանից այլեւս ծնողների մասին տեղեկություններ չունի, նրանց փնտրում է, բայց` ապարդյուն:
Ինչպես Իգորն է պատմում, շատ դժվար մանկություն ու պատանեկություն է ունեցել:
Չէր հասկանում, թե ինչու է հայտնվել մանկատանը:
«Օրերն ուղղակի թռնում էին, ես նույնիսկ չէի էլ ուրախանում, երբ ծննդյանս տարեդարձն էր լինում կամ` Նոր տարի»,- ասում է Կարամանյանը` նշելով, որ ինքնամփոփ էր դարձել, ոչ մեկի հետ չէր կարողանում շփվել:
Ճիշտ է, մեծ դժվարությունների միջով է անցել, բայց կյանքը չի «փչացրել» իրեն. «Գուցե կոպիտ եմ ասում, բայց համամիտ եմ այն մարդկանց հետ, ովքեր ասում են, թե մանկատանը մեծացած երեխաներից շատերը հանցագործ են դառնում, սակայն ամեն ինչ կախված է այն բանից, թե կյանքը ինչ փորձությունների առջեւ կկանգնեցնի»:
Դպրոցն ավարտելուց հետո Իգորը սովորել է շինարարական քոլեջում, իսկ երբ մանկատնից դուրս է եկել, հաստատվել է Կիեւյան փողոցում գտնվող 10-րդ ուսումնարանի հանրակացարանում:
«Միեւնույն ժամանակ ե՛ւ սվորում էի, ե՛ւ աշխատում, փորձում էի օրվա հացի փող աշխատել, որ սոված չմնայի,- ասում է մեր զրուցակիցը։ Եղել է ժամանակ, երբ գիշերները հացի փռում էի աշխատումՙ որպես բանվոր, բայց առավոտյան դասի չէի կարողանում գնալ`քնած էի մնում»:
Ասում է, որ լուրջ դժվարությունները սկսվեցին, երբ ծառայությունից վերադարձավ:
«Այն սենյակը, որտեղ մինչ բանակ գնալս ապրում էի, տրամադրել էին մի կնոջ, որը երկու փոքրիկներ ուներ»,- պատմում է Իգորը եւ նշում, որ չկարողացավ նրանց սենյակից դուրս հանել եւ ստիպված սկսեց ապրել դրսում:
Երեք տարի ապրել է դրսում, ոչ մի տեղ չուներ գնալու: «Գիշերում էի փողոցներում, բայց փորձում էի այնպիսի աշխատանք գտնել, որ երեկոյան կարողանայի այնտեղ գիշերել»,- ասում է Իգորը եւ նշում, որ ձմռանը դրսում չմնալու համար մի անգամ նույնիսկ գնացել է ոստիկանություն եւ խնդրել, որ իրեն ձերբակալեն, թեպետ որեւէ հանցանք չէր գործել:
Սակայն, ինչպես ինքն է ասում, գժի տեղ դրեցին:
Այնուհետեւ մեր զրուցակիցը որոշում է նստացույց անել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի առջեւ.«Բախտս բերեցՙ մի քանի օր նստեցի, եւ ուշադրություն դարձրեցին, այդ ժամանակվա սոցապնախարար Հրանուշ Հակոբյանը ուղեգիր գրեց, որ Մասիվի հանրակացարանում ինձ սենյակ տրամադրեն»:
Որոշ ժամանակ բնակվելով այնտեղ, մանկատան նախկին սաներից իմանում է, որ Թբիլիսյան խճուղի 3/2 հանրակացարանում ազատ սենյակ կա, որը համեմատաբար ավելի ընդարձակ է:
Այդ ժամանակ Իգորը ընտանիք ունենալու մասին էր երազում եւ առանց մի վարկյան տատանվելու` տեղափոխվում է:
«Երբ տեղափոխվեցի, սենյակը ահավոր վիճակում էր գտնվում, նույնիսկ պատուհան, դուռ գոյություն չուներ, սակայն այժմ ամեն ինչ կարգի եմ բերել»,- ասում է նա եւ հավելում, որ երկու ամիս առաջ ամուսնացել է եւ կնոջ հետ բնակվում են 14քմ սենյակում:
Այսօր արդեն նախկին մանկատան սանը ունի իր ընտանիքը եւ երազում է բնակարան ունենալու մասին. «Ուրախ եմ, որ այսօր գոնե գլխիս ծածկ ունեմ, բայց երեխաներ պետք է ունենամ, ինչպե՞ս պետք է ապրեմ այս փոքրիկ սենյակում»,- ասում է երիտասարդը եւ նշում, որ ընտանիքի բոլոր հոգսերը կհոգա արդար քրտինքով եւ երբեւէ խաբեությամբ գումար չի վաստակի:
Այժմ Իգորը կենցաղային սարքերի վերանորգմամբ է զբաղվում: «Ամեն ինչին հասել եմ իմ աշխատասիրության շնորհիվ, ինչպես նաեւ մանկության երազանքս` ունենամ իմ ընատնիքը, երեխաներ, իրականացնելու ձգտումը եթե չլիներ, ես հաստատ ոչ թե տաք անկյուն փնտրելու համար կգնայի ոստիկանություն, այլ` հանցագործության պատճառով»:
Ինչպես Իգորն է ասում, ցանկանում է մշտական աշխատանք ունենալ, բայց նրան որեւէ տեղ աշխատանքի չեն վերցնում.
«Սկզբում պատճառն այն էր, որ անձնագիր չունեի, իսկ այժմ էլ որպես բանվոր էլ աշխատանքի չեն վերցնում, ես էլ արդեն հիասթափվել եմ ու այլեւս ոչ մի տեղ աշխատանքի խնդրանքով չեմ դիմում,- ասում է նա։
Մեծ խնդիրների առջեւ ես կանգնում, երբ ինչ՟որ փաստաթուղթ կորցնում ես, ամիսներով, նույնիսկ տարիներով պետք է սպասես, որ նորը ստանաս:
Կամ էլ պետք է որեւէ պաշտոնյայի խնդրես, որ միջամտի»:
Մեր զրուցակիցն ասում է, որ մանկատան սաները, անկախ նրանից` այնտեղ են բնակվում, թե ոչ, հենման կետ չունեն, ուշադրության չեն արժանանում։
«Չգիտես ինչու, միշտ նվաստանում ենք մի քայլ անելու, մի տեղ աշխատելու, նույնիսկ բնակվելու համար»:
Իգորը մտածում է, որ մանկատան երեխաների համար ապագա գոյություն չունի:
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|