Դիակիզումն ընդունված է հուղարկավորության առաջավոր ձեւ համարել:
Այդ երեւույթը գոյություն ունի աշխարհի 21 պետություններում`կաթոլիկների շրջանում:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռեւս բրոնզի դարում Հայկական լեռնաշխարհում եղել են դիակիզման դեպքեր, սակայն այդ սովորությունը հայկական համարել չի կարելի:
«Դիակիզման բազմաթիվ դեպքեր են եղել, բայց դրանք տարբեր ժողովուրդվների սովորություններն են, եւ միանշանակ ասել, որ հնում Հայաստանում դիակիզումը ընդունված է եղել, սխալ կլինի»,- ասաց ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը` հավելելով, որ անտիկ` հատկապես վաղ քրիստոնեության շրջանում այդպիսի երեւույթ մեզ մոտ չի նկատվել:
Կկառուցվի՞ Հայաստանում դիակիզարան, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
Ակնհայտ է, որ ավանդույթների եւ նպատակահարմարության կոնֆլիկտը մեզանում դեռ երկար կշարունակվի:
«Դժվար չէ կանխատեսել, որ կգա մի օր, երբ դիակիզարանի առկայությունը պարզապես անհրաժեշտություն կդառնա եւ կստիպի մարդկանց հենց այս տարբերակի վրա կանգ առնե»,- ասաց ազգագրագետը` նշելով, որ ազգային սովորությունը փոխելը ոչ միայն դժվար կլինի, այլեւ երկար ժամանակ կպահանջի:
Դեռեւս 1975թ. ՀԽՍՀ կառավարությունը դիակիզարան կառուցելու մասին որոշում էր կայացրել եւ 1985-ին աշխատանքների համար վճարում է կատարվել: Այնուհետեւ 2006թ. Ազգային ժողովն օրենք ընդունեց դիակիզման մասին:
Ըստ օրենքի` դիակիզարաններ Հայաստանում պետք է կառուցված լինեին մինչեւ 2008թ.:
Սակայն մինչեւ այսօր մեր երկրում ոչ մի դիակիզարան չի կառուցվել:
«Պատճառը հիմնականում կապված է մեծ ծախսերի հետ»,- ասաց թաղման բյուրոյի բնակչության հատուկ սպասարկման համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ինժեներ Ռազմիկ Հարությունյանը` հավելելով, որ դիակիզարան կառուցելու մտքին դեմ են նաեւ հոգեւորականները:
Ինչպես տեղեկացրեց Հարությունյանը, նախկինում Երեւանում գերեզմանոցների թիվը 8-ն էր, 1997 թվականից հետո դրանց թիվն աճել է` հասնելով 20-ի, իսկ բոլոր գերեզմանատները միասին 540 հա են զբաղեցնում:
«Եթե այսօր այդքան մեծ տարածք են զբաղեցնում, ապա մի քանի տարի հետո գերեզմանոցների համար նախատեսված տարածքն ավելի կընդլայնվի, եւ կկանգնենք լուրջ խնդիրների առջեւ» , - նկատեց Հարությունյանը` հավելելով, որ խնդրի միակ լուծումը դիակիզարան կառուցելն է:
Ըստ Հարությունյանի` Հայաստանում դիակիզարանի կառուցումը կնպաստի, որպեսզի կարգավորվեն տեղի էկոլոգիական, սանիտարական հիմնախնդիրները, ինչպես նաեւ հողատարածքի խնայողություն կլինի:
«Եթե 12 քմ մեկ գերեզմանոցի մեջ հուղարկավորվում է 4 հանգուցյալ, ապա դիակիզման օրենքի ընդունման հետեւանքով նույն հողատարածքում կդրվի 24 սափոր»,- ասաց Հարությունյանը` նշելով, որ այն կդառնա ոչ թե ավանդական ընտանեկան դամբարան, այլ տոհմական գերեզման:
Հարությունյանը դիակիզարան կառուցելու եւս մեկ պատճառ ներկայացրեց` ասելով, որ մարդիկ, տեսնելով իրենց հարազատներին մահացած վիճակում, հոգեկան լարվածություն են ապրում.
«Իսկ եթե դիակիզարան կառուցվի, ճիշտ է, վիշտը մեծ կլինի, բայց առանց սթրեսային ֆոնի», - ասաց Հարությունյանը:
Սակայն քրիստոնեական որեւէ եկեղեցի դեռ չի ընդունել դիակիզման իրողությունը. անընդունելի է այն պատճառաբանությամբ, որ Հին կտակարանը ոսկորներն այրելու այդ սովորույթն արգելում է:
«Եկեղեցին ի սկզբանե դեմ է եղել դիակիզմանը եւ միշտ էլ դեմ կլինի»,- ասաց Սբ Հովհաննես եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը` հավելելով, որ Հայ Առաքելական եկեղեցին ընդունում է միայն, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել գերեզմանից:
Իսկ այն անձինք, ովքեր պատճառաբանում են, թե դիակիզման օրենքի ընդունումը կնպաստի հողատարածքի խնայողությանը, ապա նրանք չարաչար սխալվում են.
«Գերեզմանատան համար նախատեսված է 3x4 հողատարածք տրամադրել, սակայն վերցնում են 4x4-ի եւ ավելի շատ»,- նշեց քահանան` հավելելով, որ նույնը կկրկնվի նաեւ դիակիզման օրենքի ընդունման ժամանակ եւ հողատարածքի խնայողություն չի լինի:
Հարցին, թե Հայասատանում դիակիզումը բնակչության կողմից կընդունվի, թե՞ ոչ, տեր Շմավոնն այն համոզմունքը հայտնեց, որ ամեն ինչ իշխանությունների ձեռքին է` ինչ ուզեն, այն էլ կանեն.
«70 տարի ավտոմեքենա ենք վարել` առանց ամրագոտիների, սակայն մեկ օրվա ընթացքում բոլորը կապեցին իրենց ամրագոտիները, քանի որ այդպես էր հրամայված իշխանությունների կողմից եւ այսօր էլ, եթե ցանկանան, կկառուցեն դիակիզարան` առանց որեւէ մեկի կարծիքը հաշվի առնելու»:
Մինչդեռ տեր Շմավոնը կարծում է, որ ավելի քան 50 տարի է անհրաժեշտ, որ մեր հասարակությունն ընդունի դիակիզում երեւույթը: Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|