Աղոթքը երկրից երկինք սանդուղքն է, կյանքի ալեկոծված նավը խաղաղության
նավահանգստին կապող պարանը:
§Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք
ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան¦: (Ղուկ. ԺԸ 1)
Աղոթքի գաղափարին
է ընծայված Մեծ պահքի հինգերորդ կիրակին: Աղոթքը կրոնի հոգին է, ուղնուծուծը, կյանքը:
Կրոնն առանց աղոթքի աներևակայելի է, քանզի կրոնի առարկան նույնն ինքն Աստված է ու հոգևոր կյանքը, իսկ աղոթքն անպայման ենթադրում
է իր դիմաց աներևույթ հավիտենական էակին ունենալ, Ով Արարիչն է տիեզերքի և Տերը կյանքի:
Իսկ հոգեւոր կանքը և աղոթքը գրեթե նույնն են, ինչպես ընտանեկան կյանքը և սերը: Ըստ
այսմ, առանց աղոթքի քրիստոնյան թռչուն է առանց
թևի, ձուկ` առանց լողակի:
Այս իսկ պատճառով
Ավետարանոմ զորավոր շեշտ է դրված աղոթքի վրա: Մեր Տերը թե´ իր խոսքով եւ թե´ իր կյանքով
է հաստատել դրա կարևորությունը: Երբ ցերեկները հատկացնում էր քարոզություններին ու
գյուղեգյուղ ճամփորդություններին, հաճախ ամբողջ գիշերը¦ (Տես Ղուկ. Զ 12) աղոթք էր անցկացնում, երբեմն էլ §խույս էր տալիս դեպի ամայի տեղեր եւ աղոթքի էր կանգնում¦ (Ղուկ. Ե 16): Ավետարանում շատ են հիշատակությունները, ուր Հիսուսն
աղոթում է. Մկրտությունից մինչև Գեթսեմանի, Պայծառակերպության լեռից մինչև Գողգոթայի
բարձունքը:
Ըստ երևույթին, մարդն
ունի երկու տեսակ կյանք` անհատական և ընկերային:
Նմանապես կա աղոթելու երկու ձև` հավաքական և առանձնական: Հիսուսը հավաքական աղոթքի
մասին ոչինչ չի խոսել: Աղոթքի մասին Նրա ուսուցումը գրեթե ամբողջությամբ վերաբերում
է առանձնականին: Եվ սա` կարևոր հոգեբանական պատճառով: Փաստված է, որ առանձնական աղոթքի
նվիրված մարդն անպակաս կլինի նաև հավաքական աղոթքներից: Փաստված է նաև, որ անհատական
կյանքում շիտակ և առաքինի մարդն ավելի պիտանի ու օգտակար գործունեություն է ունենում
ընկերային կյանքում: Անհատական աղոթքում Աստծո ներկայության մեջ գտնվող մարդը հավաքական
պաշտամունքից չի բացակայի: Անհատական աղոթքը կյանքի հոգևոր շենքի անտեսանելի հիմքն
է, որը պահում է հավաքական աղոթքի տեսանելի կառույցը: Առանձնական աղոթքը կյանքի նավի`
ծովի մեջ մխրճված մասն է, իսկ հավաքականը` ծովից վեր երևացող մասը: Երկուսն իրարից
անբաժան են, երկուսը միասին կազմում են աղոթքի կյանքի ամբողջությունը: Ով հոգնել է
առանձնական աղոթքից, անխուսափելիորեն պիտի հոգնի հավաքականից: Այդպիսին եթե ներկա իսկ
լինի եկեղեցական պաշտամունքին, ապա` աղոթասացությանը մասնակցելուց տարբեր շարժառիթներով:
Ուղիղ շարժառիթով հավաքական աղոթքին մասնակցողը փաստում է, որ անհատական աղոթքը կիրարկող
մեկն է:
|